Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

«Լույս հայի աչքերին» յոթնամյա ծրագիրն ավարտվել է

«Լույս հայի աչքերին» յոթնամյա ծրագիրն ավարտվել է

2011 թ. սեպտեմբերին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը /ԱՄՆ ՄԶԳ/ և Հայկական ակնաբուժության նախագիծը /ՀԱՆ/ նշեցին Գլոբալ զարգացման միավորման շրջանակում իրականացվող “Լույս հայի աչքերին. Առաջնային և ակնաբուժական առողջապահական դաշինք” յոթնամյա գործընկերության ավարտը:

Հայկական ակնաբուժության նախագիծը /ՀԱՆ/ ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում և ակնային ծառայությունները հասանելի դարձնել բոլոր հայաստանցիներին: 2003թ-ից ՀԱՆ-ը սկսել է իր “Լույս հայի աչքերին” նախաձեռնությունը և 2004թ-ից համագործակցել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ` իրականացնելով “Առաջնային և ակնաբուժական առողջապահական դաշինք” համապարփակ ծրագիրը:

ՀԱՆ-ը աշխատել է Հայաստանի տաս մարզերում և օգտագործել է չորս ռազմավարական ուղղություններ կանխարգելի կուրության դեմ պայքարում` անմիջական բուժօգնություն, բժշկական ուսուցում և վերապատրաստում, հանրային ուսուցում և իրազեկում, տվյալների հավաքագրում և հետազոտական աշխատանքներ: ՀԱՆ-ի բժշկական խմբերը և ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը աշխատել են Հայաստանի մարզերում` բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: Ներգրավվել է Հայաստանի համայնքների 90%-ը (841), հիմնականում գյուղական համայնքներ, որտեղ ակնաբուժական ծառայությունները պակաս հասանելի են:

ԱՄՆ ՄԶԳ և ՀԱՆ համատեղ ջանքերը “Առաջնային և ակնաբուժական առողջապահական դաշինք” ծրագրի ներքո հանգեցրել են բազմաթիվ նշանակալի ձեռքբերումների, որոնցից են.

• 2004թ. ծրագրի սկզբից ի վեր ՀԱՆ-ը հետազոտել է ավելի քան 245 000 մարդ: Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվել է մոտ 10 000 վիրահատություն և լազերային բուժում, բաժանվել է 36 000 ակնոց անապահովներին:

• ՀԱՆ-ը հեղինակել և հրատարակել է երկու գիրք առաջնային օղակի բուժաշխատողների և ակնաբույժների համար` “Աչքի հիվանդություններ” (2005) և “Ակնաբուժության ընտրանի” (2007): Առ այսօր, Երևանում և մարզերում աչքի հիվանդությունների վերաբերյալ վերապատրաստվել է ավելի քան 2000 տարածքային ակնաբույժ և առաջնային օղակի բուժաշխատող:

• ՀԱՆ-ը մշակել և հրատարակել է 13 անուն տեղեկատու գրքույկ ակնային հիվանդությունների, աչքի խնամքի և անվտանգության մասին` 602 հազար օրինակով: Մոտ 12 000 դպրոցական և 850 ծնող/ մեծահասակ մասնակցել են ՀԱՆ-ի հանրային իրազեկման դասընթացներին մարզերում և Երևանում:

• 2006թ-ին ՀԱՆ-ը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետ համատեղ, հիմնադրել և սարքավորումներով հագեցրել է Թույլ տեսողության կենտրոնը: ՀԱՆ-ը նաև հիմնադրել է Ուսուցման և ախտորոշման կենտրոնը` Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ համատեղ: 2007թ-ին, “Փֆայզեր” ընկերության նվիրատվության շնորհիվ ՀԱՆ-ը ներմուծել է վիրաբուժական հմտությունների զարգացման լաբորատորիա (Wet lab), որտեղ Հայաստանի երիտասարդ ակնաբույժները և ուսանողները կարող են կատարելագործել իրենց կիրառական հմտությունները:

• ՀԱՆ-ը նախաձեռնել և կազմակերպել է երեք միջազգային ակնաբուժական համաժողով Երևանում: 2010 թ-ին Ծրագիրը նախաձեռնել է տարածաշրջանում առաջին և դեռևս միակ “Անհասության ռետինոպաթիայի սքրինինգի և բուժման” ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ավելի քան 400 անհաս նորածիններ են զննվել, որոնցից 40-ը ստացել է լազերային բուժում և փրկվել կուրությունից:

• 2010 թ-ին ՀԱՆ-ը հեղինակել է “2020-ին ընդառաջ` հետադարձ հաշվարկ-աշխատանքներ և վիճակագրություն” գիրքը, որը ներկայացնում է ՀԱՆ-ի գործունեությունը Հայաստանում և երկրի բնակչությանը տրամադրված ակնաբուժական ծառայությունները 2003-2009 թթ.: Հրատարակությունը նաև պարունակում է ՀՀ բնակչության ակնային առողջության և ակնային հիվանդությունների տարածվածության գիտական գնահատակններ ազգային և մարզային մակարդակներում, որոնք որոշում կայացնողներին հնարավորություն կտան գնահատել բնակչության ակնային առողջության վիճակը և ակնաբուժական ծառայությունների պահանջարկը երկրում:

ՀԱՆ-ը տպավորիչ աշխատանք է կատարել միջազգային և տեղական ֆինանսավորման օգնության ներգրավման հարցում, որոնք օգտագործվել են Հայաստանում ակնային ծառայությունները կատարելագործելու համար: ՀԱՆ-ը կշարունակի իր աշխատանքները բուժաշխատողների առցանց վերապատրաստման գործում, կընդլայնի անհասության ռետինոպաթիայի ծրագիրը, կիրականացնի բժշկական խմբերի և Աչքի շարժական հիվանդանոցի հինգերորդ շրջայցը Հայաստանի մարզերում: Ակնաբուժական ոլորտի հնարավորությունների հզորացումը և վերլուծական աշխատանքները կշարունակեն մնալ ՀԱՆ-ի “Լույս հայի աչքերին” համապարփակ ծրագրի անքակտելի մասը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ